Ղրղզստանի նախկին նախագահ Կուրբանբեկ Բակիեւի որդին ` Մաքսիմը ղրղզական կողմի դիմումով ձերբակալվել է Լոնդոնում, «ՌԻԱ Նովոստիին» ասել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Մաքսիմ Բակիեւը ղեկավարել է Զարգացման եւ ներդրումների կենտրոնական գործակալությունը, եւ 2010թ. պետական հեղաշրջման եւ Կուրբանբեկ Բակիեւի հրաժարականից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել` հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման մեղադրանքով: Նա արդարադատությունից թաքնվում էր Լոնդոնում:
Գերատեսչության տվյալներով, ներկայումս բրիտանական կողմը դիտարկում է Մաքսիմ Բակիեւին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը, քանի որ Ղրղզստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա:
«Մաքսիմ Բակիեւին առաջադրված մեղադրանքի համար ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսվում է երկար ժամկետով ազատազրկում»,-նշվում է հաղորդագրության մեջ:





























