«Հրապարակը» գրում է. «Ըստ ՀԱԿ մեր աղբյուրների` այնտեղ բուռն քննարկման թեմա է ոչ միայն նախագահական ընտրություններին մասնակցելու խնդիրը, այլեւ ՀԱԿ երկու պատգամավորների` Գագիկ Ջհանգիրյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱՊԿ ենթակառուցվածքների տեղակայմանը վերաբերող պայմանագրին կողմ քվեարկելու հարցը:

Բանն այն է, որ նման հարցերը պետք է նախ քննարկվեն ՀԱԿ քաղխորհրդում, կայացվի որոշում, որից հետո նոր պատգամավորները քվեարկեն: Սակայն նման բան տեղի չի ունեցել: ՀԱԿ-ում չեն բացառում, որ այս հարցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը բարձրացնի ՀԱԿ քաղխորհրդի նիստում` բացատրություն պահանջելով կատարվածի համար, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ ՀԱԿ-ը պետք է այդ նիստում վերջնականապես ասի` ինքն արեւմտյան արժեհամակարգի ո՞ւժ է, թե՞, ինչպես իշխանությունը՝ Ռուսաստանի կցորդ:

Հիշեցնենք, որ այդ օրինագծին դեմ էր քվեարկել ՀԱԿ-ից միայն Նիկոլ Փաշինյանը: