ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի թիկնապահները կրկին սկանդալի կենտրոնում են հայտնվել: Այս անգամ Բարաք Օբամայի Մայամի կատարած նախընտրական հանդիպումների ընթացքում նրանցից մեկին հարբած վիճակում ձերբակալել են տեղի ոստիկանները:

Վաղ առավոտյան Էրոն Ֆրենսիս Էնգլերին գտել են Մայամիի կենտրոնի գիշերային ակումբներից մեկի մոտ`գետնին ընկած: Ըստ ոստիկանության` նրանից ալկոհոլի ուժեղ հոտ է եկել, նա հազիվ է կարողացել խոսել, իսկ աչքերն արնակալած են եղել: Նա փորձել է խանգարել իր խուզարկությանը, հերթապահ ոստիկանին բռունցքով հարվածել է: Ձերբակալվածին հանձնել են ԱՄՆ-ի Մայամիի գաղտնի ծառայությանը, հայտնում է «vesti.ru»-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցների հետ կապված նախորդ սկանդալը տեղի էր ունեցելԲարաք Օբամայի Կարթագեն այցի ժամանակ, երբ վերջիններս  հյուրանոց էին բերել մարմնավաճառուհիների: Ըստ քննության տվյալների` աշխատանքից հեռացվել էին մի շարք աշխատակիցներ, սակայն ԱՄՆ-ի գաղտնի ծառայության տնօրեն Մարկ Սալիվանին հաջողվել է մնալ իր տեղում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նախորդ շաբաթ նրա գերատեսչությունը պաշտոնապես ամրագրել էր  չգրված օրենքները, որոնք արգելում  են անձնակազմին ալկոհոլ կիրառել անգամ ոչ աշխատանքային ժամերին:

Հայտնի է, որ գերատեսչության աշխատակիցները բազմիցս խախտել են կարգուկանոնը: