Նոբելյան խաղաղության մրցանակը ԵՄ-ին հանձնելը «ողբերգական սխալ» էր, կարծում է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: Ըստ նրա` Նոբելյան հանձնաժողովը պետք է շարունակեր այդ մրցանակն առանձին անհատներին  շնորհելու ավանդույթը, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել էր ԵՄ-ին: Նոբելյան հանձնաժողովն իր ընտրությունը հիմնավորել էր նրանով, որ ԵՄ-ն վեց տասնամյակի ընթացքում պայքարել է Եվրոպայում խաղաղության հաստատման համար: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի նախկին վարչապետ, Նոբելյան խաղաղության մրցանակի նախագահ Տուրբյերն Յագլանդը:

Վացլավ Կլաուսը միակը չէ, որ դատապարտել է ԵՄ-ին մրցանակ շնորհելը: Նոբելյան խաղաղության մրցանակը ԵՄ-ին կհովանավորի ԵՄ-ի վարած տնտեսական եւ սոցիալական պատերազմը, հայտարարել է ֆրանսիական ծայրահեղականների առաջնորդ, Ազգային ճակատի  ղեկավար Մարի լե Պենը: Շվեդիայում շատ քաղաքական եւ հասարակական գործիչներ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչի համար է ԵՄ-ն ստացել Նոբելյան խաղաղության մրցանակ, հաղորդում է  «Էխո Մոսկվին»:

«Նոբելյան խաղաղության մրցանակը ԵՄ-ին տալը սխալ էր»,- իր Twitter-ում գրել էր  ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Ըստ նրա` ԵՄ-ն եվրոպական 27 պետությունների տնտեսական եւ քաղաքական միասնություն է, որը նպաստում է արաբական աշխարհում բոլոր նարնջագույն հեղափոխություններին եւ հավանություն է տալիս Սիրիայի ոչնչացմանը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: