Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը «բարոյապես անկայուն է» եւ անհամատեղելի է Ռուսաստանի` որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամի կարգավիճակի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով Ռուսաստանից Սիրիա առաքումների օրինականության հարցին եւ սիրիական ինքնաթիռի միջադեպին, որը կալանավորվել էր Թուրքիայում:
Վ. Նուլանդը միաժամանակ ընդունել է, որ իրավաբանական տեսանկյունից Ռուսաստանից Սիրիա առաքումները օրինական են համարվում, քանի որ ՌԴ-ը եւ Չինաստանը նախկինում արգելափակել են Սիրիայի հեղաշրջումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, որը պատժամիջոցներ էր առաջարկում Սիրիայի նկատմամբ:
Նուլանդը նաեւ տեղեկացրել է, որ Պետդեպը ինքնաթիռի կալանավորման ժամանակ թուրքական կողմի հետ անընդմեջ կապի մեջ է եղել: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կասկած չունի, որ ինքնաթիռում ռազմական սարքավորումներ են եղել: Դիվանագետը նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամները, բացի Ռուսաստանից եւ Չինաստանից, ամեն ինչ անում են որպեսզի Սիրիան դրսից աջակցություն չստանա, փոխանցում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` ինքնաթիռում հեռահաղորդիչ սարքավորումներ էին եղել, ռադիոընդունիչներ եւ այլն: Բեռն առգրավվել էր, ինչից հետո Airbus A-320-ին թույլ էին տվել շարունակել թռչքը` Անկարայի օդանավակայանում 9 ժամ մնալուց հետո:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին խիստ տոնով բացատրություններ էր պահանջել թուրքական կողմից:





























