Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երեւան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին եւ Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երեւանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար եւ հավելել, որ հյուրընկալ Երեւանի դռները միշտ բաց են բոլոր բարեկամների առջեւ: «Մեր քաղաքի տոնը մեզ հետ նշելու ձեր ցանկությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դուք Երեւանի իսկական բարեկամներ եք: Եվ որպես Երեւանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ հատկապես այս առիթով Երեւանում ձեր անցկացրած օրերը դեռ երկար կմնա ձեր հուշերում ու, համոզված եմ, այնքան կսիրեք Երեւանը, որ այսուհետ ավելի հաճախ կայցելեք մեր հյուրընկալ քաղաք», - նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարի խոսքերի համար, Ալեքսանդր Իվանչենկովը եւ Սերգեյ Տրեշչովը անկեղծորեն խոստովանել են, որ մեկ օր է, ինչ Երեւանում են ու արդեն հասցրել են սիրել Հայաստանի մայրաքաղաքը: «Ձեր քաղաքն իսկապես հրաշք է, պարոն քաղաքապետ, եւ Դուք իրոք հպարտանալու իրավունք ունեք: Մեր այստեղ գտնվելու մեկ օրն էլ բավարար էր զգալու եւ հասկանալու այն ջերմությունն ու բարությունը, որն իսկապես առկա է Ձեր հիասքանչ քաղաքում: Իսկ գիշերային Երեւանով մենք ուղղակի հիացած ենք ու վստահաբար կարող ենք ասել, որ մենք արդեն իսկ սիրում ենք Երեւանը», - նշել են հյուրերն ու հավելել, որ այս այցը հաստատ վերջինը չի լինելու:

Այնուհետ, օգտվելով առիթից, հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին են նվիրել տիեզերքից կատարված Երեւան քաղաքի լուսանկարը եւ վստահեցրել, որ այսուհետ տիեզերքից Երեւանին նայելիս այլեւս ընդմիշտ հոգով զգալու են այն ջերմությունը, որը տվել է նրանց Հայոց հնամենի մայրաքաղաքը:

Շնորհակալություն հայտնելով աննախադեպ նվերի եւ ջերմ խոսքերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է, հնարավորության դեպքում, տիեզերք տանել Երեւանի խորհրդանիշերով զարդարված հուշանվեր-հարթաքանդակը, ապա վերադարձնել այն ու նվիրել Երեւանի պատմության թանգարանին: Տիեզերագնացները խոստացել են անել դա հենց առաջիկա թռիչքի ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Իվանչենկովը եւ Սերգեյ Տրեշչովը պարբերաբար կայցելեն Երեւան ու այդ այցերի շրջանակում նաեւ հանդիպումներ կունենան երեւանյան դպրոցների աշակերտների եւ տեխնիկական բուհերի ուսանողների հետ: Հյուրերը խոստացել են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել եւ կյանքի կոչել քաղաքապետի առաջարկը: