Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին կմեկնի Բաքու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 12-րդ  գագաթաժողովին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հոկտեմբերի 15-ին գագաթաժողովի շրջանակում Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Ադրբեջան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«ԱՊԱ»-ի տվյալներով, ՏՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ հրավիրվել է այսպես կոչված  «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» արտգործնախարարը: Նաեւ նշվում է, որ կմասնակցեն Աֆղանստանի եւ Պակիստանի ղեկավարները:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է` հիմնադրված 1985 թվականին Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից, 1977 թվականի մարտի 12-ին հիմնադիր երեք երկրների` Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի  կողմից ստորագրված Իզմիրի պայմանագրի կանոնադրության հիմքով գործող Զարգացման տարածաշրջանային համագործակցության կազմակերպության իրավահաջորդն է: