Դամասկոսը պատրաստ է ուղիղ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ, որպեսզի թուլացնի երկու երկրների միջեւ լարվածություն: Այս մասին ասվում է Սիրիայի Արտաքին գործերի գերատեսչության հայտարարության մեջ, որում նշվում է, որ Սիրիայի ԱԳՆ-ն ողջունում է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի` Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու առաջարկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ուղիղ երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին:
Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները վերջին ժամանակներս սրվել են: Ամեն ինչ սկսվել է թուրքական կառավարության այն հայտարարությունից, ըստ որի հոկտեմբերի 3-ին, ժամը 15:30- ին Թուրքիայի Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, ինչի արդյունքում մահացել է Թուրքիայի հինգ քաղաքացի, իսկ շատերը ստացել են վնասվածքներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, հրետանու արկերը արձակվել են Սիրիայի տարածքից:
Այս միջադեպի հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանն ընդունեց անդրսահմանային ռազմական գործողությունները թույլատրող օրինագիծը, ինչը թուրքական հասրակության մեջ միանշանակ չընդունվեց:
Այս ամենին հետեւեց սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` ինքնաթիռում հեռահաղորդիչ սարքավորումներ էին եղել, ռադիոընդունիչներ եւ այլն: Բեռն առգրավվել էր, ինչից հետո Airbus A-320-ին թույլ էին տվել շարունակել թռչքը` Անկարայի օդանավակայանում 9 ժամ մնալուց հետո:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին խիստ տոնով բացատրություններ էր պահանջել թուրքական կողմից:





























