«Ալ -Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ազ-Զավահիրին մահմեդականներին կոչ է արել բողոքի նոր գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ՝ Մուհամեդ մարգարեին ծաղրող «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հետ կապված:

Ազ-Զավահիրիի կարծիքով, այդ ֆիլմը վիրավորում է Մուհամեդ մարգարեին: Նրա խոսքով, ամերիկյան իշխանությունները «սկանդալային ֆիլմի նկարահանումը թույլ են տվել ինքնարտահայտման ազատության իրավունքը վկայակոչելով»: Նա հավանություն է տվել «արդար» ցուցարարների գործողություններին, ովքեր գրոհել են Կահիրեում եւ Լիբիայում ԱՄՆ դեսպանատունը՝ իրենց բողոքը հայտնելով ֆիլմի դեմ եւ կոչ է արել «շարունակել իրենց գործողություններն ընդդեմ իսլամի եւ մահմեդականների դեմ ամերիկյան, սիոնիստական ագրեսիայի»:

Ազ-Զավահիրիի աուդիո-ձայնագրությունը հրապարակվել է «Ալ-Կաիդայի» գլխավոր մեդիա կառույցի՝ «Աս Սաբահ»-ի միջոցով եւ տարածվել մի շարք արմատական իսլամիստական կայքերով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի գործողությունների ալիք է առաջ բերել բազմաթիվ մահմեդական երկրներում: Որոշ վայրերում հանրահավաքներն ուղեկցվել են զանգվածային անկարգություններուվ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջին զոհը սեպտեմբերի 11-ին դարձել է Լիբիայում ԱՄՆ դեսպանը: