ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին շարունակել աջակցել Մերձավոր Արեւելքի ժողովրդավարությունը` չնայած որոշ երկրներում տեղի ունեցող բռնություններին: Նա հայտնել է, որ Վաշինգտոնի վերաբերմունքը  «արաբական գարնան» երիտասարդ ժողովրդավարներին չպետք է փոխվի բռնության դեպքերից հետո, որոնք իրագործվել են ծայրահեղ խմբավորումների կողմից:

«Մենք ընդունում ենք, որ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարության անցումը ԱՄՆ-ի գործը չէ: Բայց մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր ամեն օր աշխատում են ժողովրդավար ինստիտուտների կայացման ուղղությամբ` պաշտպանելով մարդու համընդհանուր իրավունքն ու տնտեսության աճը: Դա կօգնի  համաշխարհային ասպարեզ դուր բերել առավել կենսունակ անձանց եւ երկարաժամկետ հեռանկարների կայունացմանը»,- հայտնել է Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնի Ռազմավարական եւ Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իսլամիստների աճող ազդեցությունը, մասնավորապես Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, մարտահրավեր են` ԱՄՆ-ի շահերի նկատմամբ: Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ի համար ժողովրդավարության անցման աջակացությունը իդեալիզմ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Ամերիկյան դիվանագետները, պետքարտուղարի խոսքով, պետք է գիտակցորեն իրենց վրա վերցնեն հաստակ ռիսկեր, փոխանցում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին  լիբիական Բենգազի քաղաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման ժամանակ սպանվել էր Լիբիայում  ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, որի մահվան հանգամանքները ուսումնասիրվում է ՀԴԲ-ի  եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից: Սակայն, ինչպես նշել է Հիլարի Քլինթոնը, շատ բան այս գործում շարունակում է  անորոշ մնալ: