Գազի բալոններ արտադրող հայկական «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը կազմակերպել է արտահանում դեպի  Ռուսաստան: Այս  մասին NEWS.am-ի թղթակցին  հայտնել է ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Մարատ Շահբեկյանը:

Նրա խոսքով, արտահանման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարի եւ այժմ ընկերությունը արդեն Ռուսաստան է արտահանում ամսական 1200 բալոն: Նշենք, որ արտադրությունը գտնվում է Խորհրդային Հայաստանի հսկա արտադրողներից մեկի` «Հրազդանմաշ»-ի տարածքում:

«Նախկինում տեղական շուկայից բացի մենք կողմնորոշվել էին նաեւ դեպի Իրան եւ Պակիստան: Սակայն, երբ Իրանում գազի տեղական գները  թանկացել են` հասնելով բենզինի գներին, գազի բալոնների պահանջը  շեշտակի կրճատվել է»,-բացատրել է նա: Որոշ ժամանակ ընկերությունը բալոններ է արտահանել նաեւ Պակիստան` աշխարհի այն սակավ պետություններից մեկը, ով չի ճանաչում Հայաստանը, սակայն ընդունող կողմի ձգձգումները, որը չի ցանկանում ներս թողնել «գոյություն չունեցող» երկրի ապրանքները, չափազանց հոգնեցուցիչ էր: «Այնքան փաստաթղթեր եւ բացատրություններ է պահանջվել, որ մենք պարզապես որոշեցինք մատչելի այլ շուկաներ գտնել»,-նշել է նա:

Ռուսաստանում, ընդհակառակը, ավտոմեքենաներում  գազի կիրառությունը աճի հեռանկարներ ունի: «Այժմ մենք բալոնները արտահանում են հիմնականում ՌԴ-ի հարավային շրջաններ, սակայն գազալցակայանների շինարարությունը այնտեղ ազգային  մակարդակով է իրականացվում: Գազը բենզինց մի քանի անգամ էժան է, հետեւաբար գազալցակայանները լայն շրջանառության մեջ են մտնում ավտոլցակայանների շուկայում, մինչդեռ նախկինում այնտեղ  ամբողջովին գերակայում էր բենիզնն ու դիզվառելիքը»,- նշել է Մ. Շահբեկյանը:

«Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը ստեղծվել է 2007 թ-ին: Ընկերությունը նպատակ ունի վավերացնել ISO-ի արտադրությունը եւ մեկ տարի առաջ սկսել է համապատասխանեցման գործընթացը: