Կանադայի բնակչուհի, երեք դուստրերի մայր Ջեսիկա Սթիլուելն ընտանիքում 6-օրյա գործադուլ է հայտարարել՝ հրաժարվելով լվանալ ամանները եւ հետեւել երեխաներին: Գործադուլն արդյունք է տվել՝ դուստրերը դարձել են ավելի կոկիկ եւ մաքրասեր:
Նա ԱՄՆ-ում դարձել է հեռուստաշոուի հերոսուհի, նրա մասին գրել են տարբեր երկրների թերթեր: Ջեսիկան ինտերնետում բլոգ է վարում, որի էջերում գրել է իր բողոքի ակցիայի մանրամասների մասին: Սթիլուելը նշել է, որ «մինչեւ կոկորդը կուշտ է» դուստրերի վարքից եւ ամուսնու հետ որոշել է, որ հրաժարվում է հավաքոել դուստրերի թափած հագուստն ու ամանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
6-օրյա գործադուլից հետո բոլոր երեք դուստրերը ներողություն են խնդրել սիրելի մայրիկից ու համատեղ մեծ մաքրություն են սկսել: Ջեսիկա Սթիլուելը լրագրողներին հայտնել է, որ շշմած է իր ակցիայի արդյունքով եւ տնային հոգսերից աչք չբացող մյուս մայրերին խորհուրդ է տվել նույնպես գործադուլ անել:





























