Ռուսաստանի տարածաշրջանների ձեռնարկություններին հետաքրքրում է Հայաստանում ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ Երեւանում հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի փակման ժամանակ: Նրա խոսքով, ՌԴ մի շարք տարածաշրջանների ձեռնարկություններ հետաքրքրված են իրենց գաղափարները Գյումրիի տեխնոպարկի բազայում իրագործելու հնարավորություններով: Նրանց հետաքրքրում է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտուց օգտվելու հնարավորությունը:

«Վստահ եմ, որ այդ ուղղությամբ մենք արդյունք եւ հաջողություն կունենանք, որովհետեւ այլկերպ հնարավոր չէ: Մենք ընդհանուր տարածքում ինտեգրմանն այլընտրանք չունենք, ընդ որում խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային տարածքի մասին է»,-հայտարարել է Տերտերյանը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում նախատեսվում է երեք ազատ տնտեսական գոտիներ ստեղծել՝ «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիում կառուցվող տեխնոպարկի, «Մարս» գործարանի եւ  Երեւանում մաթեմատիկական մեքենաների գործարանի հիմքի վրա:

2011 թվականի մայիսին Հայաստանում ընդունվել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, որը կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ու գործունեությունը: