Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարության գլխավոր միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության եւ Երեւանի ավագանու անդամներ, Երեւանի քույր եւ բարեկամ քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր (ֆոտոռեպորտաժ մաս 1, մաս 2)։ Ողջունելով ներկաներին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է իր ծննդյան 2794-րդ տարեդարձը։ Դարերի փորձն իր մեջ ամբարած՝ Երևանը մեր ժողովրդի հավերժականության ինքնատիպ խորհրդանիշն է դարձել՝ մեր ազգն ու անկախ պետականությունը ներկայացնելով ամբողջ աշխարհին։ Մայրաքաղաքի տոնը ևս մի հրաշալի առիթ է` զգալու մեր ժողովրդի միասնականության հզոր ներուժը, հրաշալի առիթ` հայրենիքի հետ սփյուռքի մեր հայրենակիցների կապերի սերտացման, մեր պետականության շուրջ համախմբման համար։
«Էրեբունի – Երեւանով» ինչ-որ տեղ ամփոփվում է նաեւ մայրաքաղաքի մշակութային տարին, որն առավել հագեցած էր ու առանձնահատուկ։
Համայն հայության հազարամյա մայրաքաղաքը, այս տարի նաև որպես գրքի համաշխարհային մարաքաղաք՝ տոնում է հայ գրատպության 500 ամյակը։
«Էրեբունի-Երեւանը» նաեւ առիթ է մեկտեղելու տարվա ողջ տոնական տրամադրությունն ու ամբողջ օրը համաժողովրդական ու համազգային տոնի վերածելու համար։
Թո՛ղ բոլորը տեսնեն, որ մենք ո՛չ միայն աշխատել, կառուցել ու արարել, այլեւ՝ լիասիրտ ուրախանալ գիտենք։
«Էրեբունի – Երեւանը» համայն հայության տոնն է, քանզի Երևանը յուրաքանչյո’ւր հայի սրտի մայրաքաղաքն է։
Պատահական չէ, որ համազգային նշանակության բոլոր ծրագրերում, մեր մայրաքաղաքը իր առանցքային տեղն է զբաղեցնում, և ցանկացած ծրագիր կամ նախագիծ մայրաքաղաքում իրականացվում է հանուն Երեւանի համաչափ, կայուն զարգացման եւ երեւանցու ընդհանուր բարեկեցության։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլոր երեւանցիներին` իրենց ցուցաբերած հավատի ու վստահության, սրտացավ ու հոգատար աշխատանքի համար, քանզի նաև հե՛նց մեր բնակչության հետ համագործակցված, հետեւողական աշխատանքի արդյունքում է, որ բոլորի աչքի առջեւ, տարեցտարի զարգանում է մեր սիրելի մայրաքաղաքը եւ յուրաքանչյուր տարի իր ծննդյան օրը նշում է առավել գեղեցկացած, թարմ ու բարեկարգ տեսքով, հարմարավետ քաղաքային միջավայրում։
Մեկ անգամ եւս շնորհավորելով տոնի կապակցությամբ` ուզում եմ հավատալ, որ այսուհետ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվելիս լինի, Երեւանի մասին խոսելիս ոչ միայն ասի, այլև իսկապես զգա, որ Երեւանն ի՛ր սրտի մայրաքաղաքն է։
Շնորհավո'ր տոնդ, Երեւան»։











