Ռուսաստանի 5 մարզերում հոկտեմբերի 14-ին կայացած նահանգապետի ընտրություններում ոչ մի սենսացիա էլ տեղի չի ունեցել: «Եդինայա Ռոսիայից» ընտրությանը մասնակցող գործող նահանգապետերը մնում են իրենց տեղերում:
Ամուրը մոտակա տարիներին կղեկավարի Օլեգ Կոժեմյակոն, նա ստացել է ձայների 77%-ը: Նովգորոդի մարզում Սերգեյ Միտինն ստացել է 75%: Բելգորոդի մարզում գրեթե նույն ցուցանիշներով հաղթանակ է տարել Եվգենի Սավչենկոն: Ավարտին է մոտենում Ռյազանի եւ Բրյանսկի մարզերի քվեաթերթիկների հաշվարկը: Այնտեղ նույնպես առաջատարն են մարզի ղեկավարները` Օլեգ Կովալյովը եւ Նիկոլայ Դենինը:
Եդինոռոսները ձայների 70%-ն են հավաքում նաեւ Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր մարմնում: Նրանք մեծամասնությունը կստանան նաեւ Պենզենի օրենսդիր ժողովում, բացի նրանցից այնտեղ կլինեն միայն կոմունիստները: Մերձմոսկովյան քաղաքներում նախօրեին եւս տեղի են ունեցել ընտրություններ: Այնտեղ Խիմկիի քաղաքապետ է դարձել Օլեգ Շախովը, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ըստ «Գոլոս»-ի տեղեկության` խախտումների մակարդակը համեմատելի է նախկին տարիներին, նշվում են նաեւ դիտորդների ճնշումների մասին: Մեծ է նաեւ ընթացակարային խախտումների տոկոսը:
Ինչպես նշում է rbc-ն, քվեարկության միասնական օրը փորձագետներին շատ անակնկալներ է մատուցել: Մի շարք վերլուծաբաններ կանխատեսել էին «Եդինայա Ռոսիյա» կուսակցության վարկանիշի անկումը եւ նրա պարտությունը մարզային ընտրություններում:
Այնուամենայնիվ, դա տեղի չէր ունեցել, եւ իշխող կուսակցության առաջնորդ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր գոհունակությունն է արտահայտել այդ փաստի կապակցությամբ:
Սակայն դիտորդների ուշադրությունը գրաված գլխավոր հանգամանքը ընտրություններին ցածր մասնակցությունն էր: ընդդիմությունը մասնակցության թվերն անվանել են «աղետ», միջինը ընտրատեղամասեր է ներկայացել ընտրողների 30%-ը: Դա մեկնաբանելով` բլոգերները եզրակացրել են, որ ռուսական ընտրություններին գնում են միայն զեղծարարները եւ դիտորդները:
Իր հերթին ՌԼԴԿ-ից Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդեւը նշում է, որ մարզերում մարդիկ պարզապես որոշել են չմասնակցել ընտրություններին: Մարդիկ այլեւս չեն հավատում, թե կարող են որեւէ բան փոխել:
Իշխող կուսակցությունն այլ տեսակետ ունի: Ըստ կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակովի` ընտրողների ցածր մասնակցությունը ընդդիմության գործողությունների հետեւանքն էր, որը կազմակերպել եւ փորձել էր իրագործել աղմկահարույց մի շարք սցենարներ:





























