Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի արխիվները եւ ձեռագրերը կհանձնվեն Իսրայելի Ազգային գրադարանին: Արխիվները 2008 թվականից դատական քաշքշուկի առարկա էին դարձել ժառանգների եւ պետության միջեւ:
Ձեռագրերի ժառանգորդներն են Եվա եւ Ռուֆ Հոֆե քույրերը, որոնց դրանք հասել էին Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բրոդից, ով գրողի մահից հետո դարձել էր Կաֆկայի կենսագիրը եւ նրա ստեղծագործության ուսումնասիրողը: Մահվանից առաջ Ֆրանց Կաֆկան Բրոդին ավանդել էր ոչնչացնել իր թղթերը, սակայն Բրոդն այդպես էլ չէր համարձակվել դա անել եւ հրատարակել էր նրա աշխատանքների մի մասը` Կաֆկային դարձնելով XX դարի ամենահայտնի գրողներից մեկը:
Ըստ իսրայելյան դատարանի` Կաֆկայի ձեռագրերը որպես Հոֆե ընտանիքին նվեր չի կարելի դիտել: Պարզվել է, որ մահվանից առաջ Մարքս Բրոդը խնդրել էր քարտուղարուհուն կատալոգավորել կաֆկայի արխիվները եւ դրանք հանձնել «Երուսաղեմի Հրեական համալսարանի գրադարանին կամ Թել Ավիվի քաղաքային գրադարանին, կամ էլ Իսրայելի այլ հասարակական կազմակերպության», գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Դատարանի որոշումը ջերմորեն ողջունել է Իսրայելի Ազգային գրադարանի տնօրեն Օրեն Վայնբորգը: Ըստ նրա` գրադարանը կվերանայի Կաֆկայի արխիվները ցանցում տեղադրելու հարցը, այդպիսով իրագործելով Իսրայելի եւ ամբողջ աշխարհի գրքասերների համար Կաֆկայի ձեռագրերը հրապարակելու Բրոդի ցանկությունը




























