Հայկական բերքի առաջմղման կենտրոնը նախաձեռնել է Հայաստանում փոքր ջերմոցների զարգացման գործընթաց: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Կենտրոնի մարկետինգի բաժնից: Փոքր ջերմոցների առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս անհատ գյուղացիներին եւ փոքր ֆերմերային տնտեսություններին՝ փոքրածավալ ներդրումներով կառուցել ու շահագործել նոր տեխնոլոգիաներով, ջերմախնայող, համեմատաբար բարձր բերքատվություն ապահովող թաղանթապատ ջերմոցներ:
Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում ֆրանսիական, հոլանդական, իսրայելական եւ այլ երկրների ջերմոցներ արտադրող ընկերությունների հետ: Կենտրոնն արդեն ստացել է 400քմ. եւ ավել տարածքով մի քանի տիպի ջերմոցների կառուցման առաջարկներ: Կախված ջերմոցի տեսակից եւ չափերից՝ ջերմոցի 1քմ. արժեքը կկազմի 12-30 ԱՄՆ դոլար:
Աշխատանքներ են տարվում նաեւ այդ ջերմատներում մատչելի պայմաններով կաթիլային ոռոգման, ջեռուցման արդյունավետ, ինչպես նաեւ այլընտրանքային ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչը կնվազեցնի ջեռուցման, ոռոգման եւ պարարտանյութերի օգտագործման համար կատարվող ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով ջերմատների արդյունավետությունը եւ մրցունակությունը: Նշված համակարգերը կարող են ներդրվել նաեւ ավելի վաղ կառուցված ջերմոցներում:
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշեց, որ Կենտրոնը պատրաստ է աջակցել, թե' արդեն կառուցված ջերմոցներում կաթիլային ոռոգման եւ ջեռուցման արդյունավետ համակարգերի ներդրմանը, թե' նոր ջերմոցների կառուցմանը:




























