Հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի է ունենալու «Բաց խաղ» (Open Game) համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների Հայաստանի բաց առաջնության երկրորդ մրցանակաբաշխությունը: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՝ «Բաց խաղի» մենեջեր Շուշանիկ Վարդանյանը:
Առաջնությանը գրանցվել են 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով: Եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր եւ համակարգչային խաղեր: Մասնակիցների թվում կան նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հայազգի քաղաքացիներ: Նշենք, որ առաջին առաջնության ժամանակ գրացվել էին 25 նախագծեր, որոնցից եզրափակիչ էին անցել 18-ը:
Առաջնությունն անց է կացվում չորս փուլով (ներառյալ եզրափակիչը): Մասնակիցները հնարավորություն ունեն եզրափակիչ ցուցադրությունից առաջ որոշ բարելավումներ կատարել իրենց աշխատանքներում: Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով`լավագույն բջջային խաղ, սցենար, նորարարություն, դիզայն, պատանիների առաջնություն (Junior), լավագույն սոցիալական բջջ. հավելված, լավագույն ժամանցային հավելված, լավագույն հաղորդակցություն հավելված: Լինելու է նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ):
Առաջնությունը համատեղ կազմակերպում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը:





























