Վրաստանի միամանդատ երեք ընտրատարածքների 11 ընտրատեղամասերում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել «Վրացական երազանքի» թեկնածուները:
Վրաստանի խորհրդարանի կրկնակի ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 14-ին Սիգնախիի մեկ, Գորիի մեկ եւ Խաշուրիի 9 ընտրատեղամասերում: Արդյունքում, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, Խաշուրիում հաղթել է Վալերի Գելաշվիլին, Գորիում` Վախթանգ Վախթանգիշվիլին, Սիգնախիում` Գելա Գելաշվիլին, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Այդկերպ, խորհրդարանական ընտրություններում հաղթած Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան խորհրդարան կուղարկի 42 մեծամասնականների, իսկ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»` 31: Կուսակցական ցուցակներով «Վրացական երազանքն» ունի 45 պատգամավոր, Շարժումը` 32: Արդյունքում ընդդիմությունը խորհրդարանում 87 տեղ է ստանում`Շարժման 63-ի դիմաց: Վրաստանի ԿԸՀ-ն ձայների վերջնահաշվարկը կներկայացնի մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 11-ին Վրաստանի ԿԸՀ-ն 7 ընտրատեղամասերում կրկնակի ընտրություններ էր նշանակել`«Վրացական երազանքի» բողոքների հիման վրա:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել էին հոկտեմբերի1-ին, հոկտեմբերի 2-ին հաղորդում էր ստացվել, որ հաշվումն անցկացվում է իշխանությունների ճնշման տակ: Առավել ծայրահեղ դրություն էր Խաշուրիում, որտեղ հատուկ ջոկատայինները կրակել եւ արցունքաբեր գազ էին կիրառել ընդդիմադիրների նկատմամբ, որոնք փորձում էին կանխել ընտրակեղծիքները:




























