Ադրբեջանում մի քանի երկրաշարժերի արդյունքում մեկ մարդ զոհվել է: «ԱՊԱ»-ի տվյալներով, մահացել է Քորթալա գյուղի 1936թ. ծնված բնակչուհին, որը հիվանդանոց էր հասցվել գանգուղեղային վնասվածքով: Բժիշկների խոսքով` երկրաշարժի ընթացքում 40 պայթյուններ են որոտացել, 5 մարդ հիվանդանոց են դիմել:
Երկրաշարժերը գրանցվել էին Ադրբեջանի արեւմտյան Բալաքյանի շրջանում` հոկտեմբերի 14-ի գիշերը եւ ցերեկային ժամերին: Տեղական աղբյուրների հաղորդմամբ` շրջանի մի շարք գյուղերում ավերածություններ են գործվել, ամենաշատը տուժել է Վրաստանին սահմանակից Գաբագչյոլ բնակավայրը: Վերջին ցնցումներից հետո շրջկենտրոնի եւ շրջակա գյուղերի բնակչությունը վախենում է տուն մտնել եւ մնում է փողոցներում:
Հայաստանի ԱԻՆ-ի հաղորդմամբ, 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հոկտեմբերի 14-ին` ադրբեջանական Զաքաթալա քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում: Տվյալ երկրաշարժն զգացվել է Երեւանում, Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջաններում եւ ԼՂՀ-ում: Երկրաշարժին նախորդել էր 4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը, ինչպես եւ 3.3 - 3.7 մագնիտոուդ ուժգնությամբ երեք հետցնցումներ:


























