Մանկատներում եւ ծերանոցներում փոշիացվում են պետական միջոցները: Այդ է վկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում: Այս անգամ Հանձնաժողովը ուսումնասիրել է, թե ինչպես են մանկատներն ու ծերանոցները տարեցների եւ երեխաների համար սնունդ եւ անհրաժեշտ տնտեսական պարագաներ ձեռք բերել: Ուսումնասիրվել են 18 սոցիալական հաստատություններ:

Հաշիվ-ապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը  ձեռք են բերել շուկայականի համեմատ մինչեւ 200 տոկոս թանկ գնով:

Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպքեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միեւնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով,  տառասխալներով եւ անգամ նույն կոնտակտային տվյալներներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է  ներքին համաձայնության մասին: Արձանագրվել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է եւ կարտոֆիլը մատակարարել կգ-ը 300 դրամով, իսկ  մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 500 դրամ:  Վերջին բարձր գինն առաջարկվել է, որպեսզի մեկ այլ ըւնբկերություն կարողանա կարտոֆիլի մրցույթը հաղթել 320 դրամ առաջարկով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր մրցույթներում էլ ձեռք բերված ապրանքների գները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է կգ-ը 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են:

Որոշ ընկերություններ վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ: ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ

մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջեւ՝ նրանք հաջորդաբար հաղթել են տարբեր մրցույթներում։

Հանձնաժողովն այսօր որոշում ընդունեց վարույթ հարուցելու վերաբերյալ, առաջիկայում կհրապարակվեն նաեւ  օրինախախտ ընկերությունների անվանումները, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

«Պետական գնումների ոլորտը չափազանց ռիսկային է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ չարաշահող ընկերությունները չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին: