Ադրբեջանական մամուլը հերթական անգամ աչքի է ընկել պետական մակարդակով տարվող հակահայկական քարոզչությանը ծառայելու անկոտրում եւ բուռն ցանկությամբ: Նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանցի մեր գործընկերները ջանասիրաբար տեղեկատվություն էին տարածել, որ Ջալիլաբադի շրջանի բնակիչ, 23-ամյա Ռաշիդ Միրզաեւը Օդեսայի ռազմածովային դպրոցում, որտեղ նա սովորում է, հայի հետ հակամարտության պատճառով ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Ինչպես հայտնել էին Միրզաեւի մերձավորները, պատճառ են հանդիսացել շահիդների եւ ՌամիլՍաֆարովի հասցեին 35-ամյա Կադեւչյանի անպատիվ խոսքերը: Վիրավորանքը չհանդուրժած Ռաշիդի եւ հայ սպայի միջեւ կռիվ է սկսվել, արդյունքում հիվանդանոց ընկած հայը դիմում է ներկայացրել ոստիկանություն: Ամեն օր հայերի խումբը գնում է ոստիկանական բաժանմունք եւ պահանջում Միրզաեւին կալանավորել: Առաջիկայում փաստի առթիվ դատ կկայանա, որի ընթացքում Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ դատավճիռ կկայացվի:

Սակայն ահա, թե ինչ է կատարվել իրականում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Կադեւչյանը հայտնել է, որ Ռաշիդ Միրզաեւի հետ իրեն ծանոթացրել է իրենց ընդհանուր ընկերը. «Գիշերն ընկերոջս հետ փողոցում էինք, երբ մոտեցավ Միրզաեւը, մեզ ծանոթացրին: Երբ նա իմացավ, որ հայ եմ, ագրեսիվ տոնով ասաց. «Գնանք առանձին խոսենք»: Ինչին ես պատասխանեցի. «Ինչո՞ւ, այստեղ խոսենք»: Մերժում ստանալով` նա հանկարծակի հարվածեց ինձ: Վրա հասան նրա ընկերները, սկսեցին հեռացնել նրան, բայց արդեն ուշ էր: Ես հարձակման չէի սպասում:

Նրա հարձակման հետեւանքով կոտրվել են երեք կողոսկրերս եւ վնասվել է փայծաղս, որը հեռացրել են: Ինչպես պարզվել է, նա սպորտի վարպետ է: Նրան գտել են շնորհիվ հսկող տեսախցիկների: Ես նույնիսկ նրա դեմքը չեմ հիշում»: Ըստ Կադեւչյանի` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, Միրզաեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա հսկողության տակ է, երկու ամիս անց կկայանա դատը: 

Նշենք նաեւ, որ ադրբեջանցի մեր գործընկերների տեղեկությունն այն մասին, որ տուժած 35-ամյա Կարեն Կադեւչյանը Հայաստանի քաղաքացի է, իրականությանը չի համապատասխանում, նա Ուկրաինայի քաղաքացի է: Բացի դրանից, ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են նաեւ ուսումնական հաստատության անունը, որտեղ  սովորում է նրանց «հերոսը». Օդեսայի ազգային ռազմածովային համալսարանը դարձել է Օդեսայի ռազմական դպրոց: 

Հատկանշական է, որ այս անգամ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հող են նախապատրաստում հերթական ադրբեջանցու հերոսացման համար, որը ազգային հողի վրա հանցագործություն է կատարել:  Իսկ իրենց հերոսին արդարացնելու համար ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ նրան իբր հունից հանել են Կադեւչյանի արտահայտությունները  շահիդների եւ Ռամիլ Սաֆարովի հասցեին:

Ստացվում է, որ քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արարքն օրինակելի է եւ արդարացվում է: Ցանկացած աննշան ադրբեջանցի  կարող է  «տարբերվել»` դառնալով «հալածյալ» եւ Ադրբեջանի  «հերոս»:

Անի Էլբակյան