«Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակում մարդասիրական բեռ տեղափոխող հայկական
ինքնաթիռի հարկադիր վայրէջքի մասին թուրքական մամուլի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը`մեկնաբանելով Թուրքիայում հայկական ինքնաթիռի պլանային վայրէջքը:
Ըստ նրա` թուրքական կողմը նախապայման էր առաջադրել, որ ինքնաթիռի բեռը պետք է ստուգվի: «Սիրիահայերին ուղարկվող մարդասիրական օգնության վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության մասին տեղեկատվությունը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղադրել էր իր կայքում: Իսկ թուրքական մամուլի հայտարարությունները Թուրքիայի կառավարության պաշտոնական տեսակետը չեն: Դա նրանց օդային տարածքում հայտնված պատահական ինքնաթիռ չէր, կար պայմանավորվածություն, ըստ որի` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիայի հայ համայնքին: Իսկ այն, ինչ գրում են լրատվամիջոցները, իրենց խնդիրն է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարդասիրական բեռով հայկական ինքնաթիռը, որը Երեան-Հալեպ չվերթն էր իրականցնում, հոկտեմբերի 15-ին վայրէջք էր կատարել թուրքական Էրզրում քաղաքի օդանավակայանում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























