Ամերիկացի թոշակառու կին Էննի Բել Ադամսը, որը հիփոթեքային վարկը չվճարելու պատճառով զրկվել է անշարժ գույքից, Նյու Յորքի դատարանում հայցեր է ներկայացրել աշխարհի 12 խոշորագույն բանկերի դեմ: Բանկերը մեղադրվում են LIBOR դրույքի միտումնավոր բարձրացման մեջ, որի արդյունքում հիփոթեքային վարկի վճարումները նախատեսվածից ավելին են եղել: Հայցը ներկայացվել է մի քանի հոգու անունից:
Ինչպես գրում է The Financial Times-ը, հայցվորները պնդում են, որ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի 12 բանկերն իրենց թրեյդերներին որոշակի օրերին առաջարկել են բարձրացնել LIBOR-ը : Ըստ փաստաբանի` հայցվորների թիվը կարող է հասնել 100 հազար մարդու: Թե ինչպիսի փոխհատուցում են նրանք պահանջում, չի նշվում, գրում է «Կոմերսանտը»:
LIBOR-ի աղմուկում ներգրավված բանկերի շարքում են Barclays-ը, UBS-ն եւ Bank of America-ն, որոնց դեմ քիչ հայցեր չեն ներկայացվել: Սակայն մինչ այժմ հայցվոր են հանդես եկել ներդրողները եւ տեղական իշխանության մարմինները:
Ինչպես գրում է «Lenta.ru»-ն, տարվա սկզբին բրիտանական Barclays բանկը տուգանվել էր 400 միլիոն եվրոյով LIBOR եւ EURIBOR վարկավորման համակարգերի խարդախությունների համար: Նմանատիպ խատման մեջ ամերիկյան իշխանությունները կասկածել են եւս 7 խոշորագույն բանկերի, այդ թվում Bank of America-ին եւ UBS-ին:
LIBOR (London Interbank Offered Rate) եւ EURIBOR (Euro Interbank Offered Rate) հիմնական միջբանկային վարկավորման դրույթներն են համարվում: Առաջինը հաշվարկվում է Բրիտանական բանկային ասոցիացիայի կողմից, երկրորդը` եվրոպական:



























