Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված ամուր կապերն ու պատմական-մշակութային ընդհանրություններն իրական հիմք ու խթան են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: Երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում թեեւ տարեցտարի ավելի ու ավելի է ամրապնդվում ու զարգանում, բայց հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները շատ ավելի մեծ են ու հեռանկարային, եւ երկուստեք պետք է ամեն ինչ անել՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարեւորել է խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտության դերը երկու երկրների արդյունավետ ու կայուն հարաբերությունների զարգացման գործում:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ ընդունելության համար ու հավաստիացրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին նույն տեսակետն ունեն նաեւ Իրանի իշխանությունները:

Նա հույս է հայտնել, որ կիրականացվեն տնտեսական ոլորտի փոխշահավետ ռազմավարական ծրագրերը, որոնց հետ կապված խնդիրները հանգամանորեն կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, կհստակեցվեն ժամկետներն ու անելիքները: Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին Գալուստ Սահակյանին ներկայացրել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նոր կազմը՝ փոխանցելով նաեւ խմբի անդամների՝ հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ խորհրդարանական համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող այլ հարցեր: