Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի ոչ մի լուրջ կամ էական փոփոխություններ չեն կատարվել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2011 թ. օգոստոսից: Կրճատվել է միայն պրոռեկտորների թիվը՝ նախկին 6-ի փոխարեն ներկայում աշխատում են 4 պրոռեկտորներ: Նախկին 6 պրոռեկտորներից 4-ը բուհում այլ աշխատանք են ստացել, 2-ը՝ մնացել են իրենց պաշտոնում, 2-ը՝ նորանշանակ են: Նորանշանակներից մեկը անկախ Հայաստանի լուսավորության առաջին նախարար Արեգ Գրիգորյանն է: Պրոռեկտորների թվի կրճատումը Ա. Ավետիսյանը բացատրեց նրանց գործառույթների անհստակությամբ եւ կրկնելիությամբ:
Ա. Ավետիսյանի տեղեկացմամբ՝ դասախոսները անցյալ տարվա վերջում ստացել են միանվագ 13-րդ աշխատավարձ, առաջին անգամ՝ վերջին 30 տարում: Բացի այդ՝ ծանրաբեռնվածությունների վերաբաշխման եւ տարիֆիկացիայի փոփոխման արդյունքում դասախոսների աշխատավարձը փաստացի ավելացել է: Դասախոսի ծանրաբեռնվածությունը 1 ուսումնական տարում 745 ժամից իջել է մինչեւ 720 ժամ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածություն), ու այդ 720 ժամի համար դոկտոր-պրոֆեսորն ավելի շատ է ստանում, քան նախկին 745 ժամի համար: Դոկտոր-պրոֆեսորի ամբողջական դրույքը, ըստ Ա. Ավետիսյանի, ամսական կազմում է 220 հազ. դրամ, դոցենտինը՝ 150 հազ. դրամ: Դասախոսներն իրավունք ունեն մինչեւ 1080 ժամ ծանրաբեռնվածություն վերցնել (1.5 դրույք): Բացի այդ՝ նրանք ներգրավվում են գիտահետազոտական եւ լրացուցիչ այլ վճարովի աշխատանքներում: Ռեկտորի աշխատավարձը ամսական 366 հազ. դրամ է, որն, ըստ Ա. Ավետիսյանի, ավելի քիչ է, քան այլ բուհերի պրոռեկտորների աշխատավարձը:
Ուսանողական վարձերի փոփոխության վերաբերյալ ռեկտորն ասաց, որ այդ խնդրին կանդրադառնան , երբ կշահագործվեն ANEL-ի (Ազգային ճարտարագիտական) լաբորատորիները, ինչը ավելի որակյալ կրթություն է նշանակում: Բացի այդ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հանձնարարություն է տրված յուրաքանչյուր բուհում վարձավճարները կապել մասնագիտություններին, չափերը սովորաբար փետրվարին է հաստատվում:



























