Հայաստանի զինված ուժերի պատրաստությունը ընթանում է ընդհանուր պլանի շրջանակներում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ հավելել, թե այս տարին Հայաստանի զինուժի համար շատ հագեցած է եղել:

Գեներալ-մայորն առանձնացրել է ՀԱՊԿ զորավարժությունները եւ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Խոսելով ՀԱՊԿ զորավարժությունների մասին` գեներալ-մայորը նշեց, որ դա առաջին զորավարժությունն էր, որ անցկացվեց Հայաստանում, որոնցում ընդգրկված են եղել ուժեր, որ բերվել էին դրսից: Ըստ գեներալի` զորավարժությունները վկայեցին, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն կենսունակ է:

«Առանձնահատուկ էր այն, որ դրան մասնակցում էին նաեւ ԱԻՆ, ոստիկանության ուժերը: Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, թե կազմակերպչական, թե զինվորական բաղադրիչի մասով: Չեմ ուզում ասել, թե դա հերոսական ճիգ էր, սակայն լավ կատարված աշխատանքի շնորհիվ փայլուն արդյունք տվեց զորավարժությունը»,- նշեց Իշխան Մաթեւոսյանը:

ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն իր հերթին անդրադարձավ հոկտեմբերի սկզբին կայացած հրամանատարաշտաբային զորավարժություններին: «Առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է 13 օր տեւած զորավարժություններ, որոնց մասնակցել են նաեւ ռեզերվային ուժերը»,- նշեց գեներալ-մայորը` հավելելով, որ նույն ժամանակ զորավարժություններ են եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Առանձնացնելով ցուցանիշները` Արտակ Դավթյանն ասաց, որ ընդգրկված են եղել 45 հազար մարդկային ռեսուրսներ, զրահատեխնիկա եւ ավտոտեխնիկա` 5 հազարից ավելի, հրամանատարության կողմից առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են:

Արտակ Դավթյանը նշեց, որ զորավարժությունների տակ որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել, այլ ընդամենը զորքերի մարտական պատրաստությունը բարձրացնելու խնդիր: