Առաջիկա 5 տարում գիտնականները կանխատեսում են մահացու վտանգ ներկայացնող վիրուսային ինֆեկցիայի գլոբալ բռնկման մասին, որը կարող է հանգեցնել մարդկային հսկայական զոհերի: Բրիտանացի բժիշկները մահացու վտանգ ներկայացնող միանգամից մի քանի վարակման դեպք են արձանագրել, որը կենդանիներից ու միջատներից անցնում է մարդուն:
Այսպես, օրերս Լոնդոնի հիվանդանոցներից մեկում 38-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ղրիմա-կոնգոլեզյան տենդի ախտանշաններ են հայտնաբերել: Ենթադրաբար, բրիտանացին վարակվել է Աֆղանստանում իր եղբոր հարսանիքի ժամանակ, գրում է բրիտանական The Daily Mail-ը:
Հիվանդության զարգացմանը զուգընթաց, հիվանդների մոտ նկատվում են հեմատոմայի մեծ օջախներ եւ անվերահսկելի ներքին արյունահոսություն: Այս հիվանդությամբ վարակվելու դեպքերի 30 տոկոսի դեպքում այն ավարտվել է մահվամբ:
Այս հիվանդությունը լայնորեն տարածված է Աֆրիկայում եւ Ասիայում ընտանի եւ վայրի կենդանիների շրջանում: Ավելի վաղ հիվանդության դեպքեր էին արձանագրվել Ղրիմում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Աֆրիկայի երկրներում: Նախորդ ամիս լոնդոնի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ մեկ այլ հիվանդ, ում մոտ նկատվել են ատիպիկ թոքաբորբի նախանշաններ, սակայն տղամարդու արյան անալիզները ցույց են տվել, որ դա ոչ թե ատիպիկ թոքաբորբ է, այլ՝ ամինչ օրս անհայտ վիրուս:
Պարզվել է, որ նա ժամանել է Քաթարից: Գիտնականները եկել են եզրակացության, որ մարդիկ այդ հիվանդությամբ վարակվել են կենդանիներից:
Բրիտանիայի առաջատար վարակաբաններից մեկը՝ Լոնդոնի համալսարանի Queen Mary Hospital-ի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը նախազգուշացնում է, որ առաջիկա 5 տարում մարդիկ պետք է սպասեն կենդանական ծագման համաճարակի: Այն կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկության համար: Վարակաբանի խոսքով, նոր հիվանդությամբ մարդիկ կարող են վարակվել ինյչպես ընտանի, այնպես էլ՝ վայրի կենդանիներից: Առայժմ այս վարակը օդամաթիլային ճանապարհով չի փոխանցվում, եւ եթե հանկարծ դա տեղի ունենա, այն կարող է ամենասարսափելի վիրուսը դառնալ:





























