Հայաստանի զինված ուժերը պլանային կարգով իրականացնում են հին սպառազինության եւ զինտեխնիկայի փոխարինումը նորով: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

« Չեմ կարող ամեն ինչ բացել: Մենք ունենք զարգացման ծրագիր, որով իրականացվում է գործընթացը: Հիմնական շեշտը դրվում է այն սպառնալիքների վրա, որոնք առավել վտանգավոր ենք համարում երկրի անվտանգության համար: Ուշադիր հետեւում ենք հավանական հակառակորդի կողմից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման գործընթացին, ինչ տեխնիկա են կիրառում, եւ դրան հակակշիռ միջոցներ ձեռնարկում»,- նշեց գեներալ-մայորը:

Խոսելով հակատանկային միջոցների մասին, նա նշեց, որ դրանք նախատեսված են վերջին սերնդի նորագույն տանկերի դեմ պայքար մղելուն: «Մենք միշտ մեկ քայլ փորձում ենք առաջ լինել հակառակորդից: Մինչ հակառակորդը տեխնիկա է գնում, մենք ունենք տեխնիկա հակազդելու»,- հավաստեց նա: