Հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը պատրաստ կլինի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները:

«Ոչ մի պատերազմ հանկարծակի առավոտյան չի սկսվում: Կա պատերազմի, կամ ռազմական բախման լատենտ` թաքնված շրջանը:  Մեր պետության հետախուզական մարմիններն ուշադիր հետեւում են այդ փոփոխություններին: Այսօրվա դրությամբ ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ մեր հակառակորդի կողմից չեն դիտվում»,- նշել է գեներալ-մայորը:

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններն ունեն մի քանի նպատակ: «Առաջինը ներքին սպառողի համար է: Համոզված եմ, որ պատերազմի դեպքում մենք պատրաստ կլինենք»,- ասել է նա, իսկ հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը հարվածել Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռներին, նշել է. «Տեսականորեն հակառակորդն ունի հնարավորություն հարվածելու: Հարցը պետք է դիտվի դիվանագիտական, քաղաքական հարթությունում, մենք զինվորականներս մեր գործը կանենք»:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքով նկատեց, թե նման «հայտարարություններ մենք շատ ենք լսել վերջին 20 տարում», որոնք ոչ մեկն էլ իրականություն չեն դարձել: