Էրեբունի-Երեւան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Երեւանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու եւ Երեւանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երեւանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ գործնական հիմքերի վրա դնելու Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները. «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երեւանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաեւ Երեւանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է եւ քայլեր են կատարվում մոտեցումները օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երեւանի օրվա տոնակատարության կապակցությամբ, առանձնացնելով, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:
Ռիգայի դումայի նախագահը եւս իր հերթին կարեւորել է փոխշահավետ համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երեւանի եւ Ռիգայի միջեւ հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են եւ այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման համար»,- նշել է Ռիգայի դումայի նախագահը:
Տեղեկացնելով, որ 2014թ-ին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեւանյան կողմի պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ-ին նախատեսվելիք միջոցառումներին:




























