Որեւէ մեկին ոստիկանություն հրավիրելը դեռ չի նշանակում եւ վերջին հերթին կարող է նշանակել, որ այդ անձը քրեական գործի հետ որեւէ առնչություն ունի բացասական իմաստով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի` ոստիկանությունում հարցաքննվելու փաստին:
Նրա խոսքով` յուրաքանաչյուր քաղաքացու ոչ միայն իրավունքն է, այլեւ բարոյական պարտքն է նպաստել հանրությանը հուզող խնդիրների պարզաբանման, իրավական հարթության մեջ դրանց լուծմանը: «Ինչո՞ւ են բոլորը միանգամից կենտրոնացել Վարդանյանի անձի վրա, նրա նկատմամբ իրավական գործընթացներ չեն իրականացվում, չկա իրավական գործընթաց Վարդանյանի անձի առնչությամբ, նա հրավիրվել է վկայություն տալու»,- ասաց նա: Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ այդ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ, եւ բնականաբար նախարարը, որը պաշտոնավարել է այդ ժամանակաշրջանում եւ այդ ընթացքում տեղի է ունեցել խնդիրներ, պետք է հրավիրվեր ոստիկանություն: Առայժմ Վարդան Վարդանյանին որեւէ մեղադրանք ներկայացված չէ: Հարցին արդյոք կներկայացի, թե ոչ, նա նշեց, որ դա իրավապահ մարմինների կոմպետենցիան է: Իսկ թե Տիգրան Ուրիխանյանը հավատում է իր կուսակից ընկերոջ անմեղությանը, մասնավորապես` այն, որ նա իր պաշտոնավարման ընթացքւոմ չարաշահումներ թույլ չի տվել, եւ այլն, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Նախկին նախարարը դեռ շատ բան ունի ասելու այդ թեմաների շուրջ, եթե ու երբ որ իր հանդեպ կսկսվի իրավական գործընթաց, ես այն ժամանակ կմեկնաբանեմ: Մենք ուշադրությամբ հետեւում ենք բոլոր մեր ներկայացուցիչների հետ կապված որեւէ կերպ առնչվող գործերին, եւ եթե որեւէ անիրավաչափ երեւույթ լինի, մենք անպայման կարձագանքեք»,- ասաց նա` շեշտելով, որ եթե իրավապահները բացահայտեն, հանրությունը անշուշտ կիմանա այդ մասին:
Հիշեցնենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:





























