Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը հոկտեմբերի 15-ին վայրէջք է կատարել Թուրքիայում, որտեղ տեղական իշխանություններն սկսել են  ստուգել բեռը, գրում է Wall Street Journal-ը:

Ինչպես հայտնում է հրատարակչությունը, հայկական ինքնաթիռի վայրէջքը Էրզրումի նահանգի արեւելյան մասում լուրերի տարափ էր առաջացրել այն մասին, որ Անկարան հարկադիր վայրէջքի է ենթարկել արդեն երկրորդ ինքնաթիռը` նախորդ շաբաթվա համանման միջադեպից հետո: «Թուրքիայի ԱԳՆ-ն հակառակ  պատկերն է ուրվագծել, ընդգծելով, որ  ի տարբերություն Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ուղեւորատար օդանավի, հայկական կողմը նախապես համաձայնել էր բեռան ստուգմանը` Թուրքիայի օդային տարածքից օգտվելու թույլտվության դիմաց»,- ասվում է հոդվածում: 

Հեղինակը հիշեցնում է, որ ռուսական ինքնաթիռի դեպքը «սկզբում թվում էր լարվածություն կմտցնի Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում»,  սակայն արդեն հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ միջադեպը չի վտանգի Անկարայի հետ ամուր հարաբերությունները: