Եվրամիության 27 անդամ երկրների ԱԳ նախարարները նոր պատժամիջոցներ են ընդունել Իրանի դեմ: Պատժամիջոցները կվերաբերեն էներգետիկ ոլորտին, առեւտրին, ֆինանսական սեկտորին եւ հեռահաղորդակցությանը:
Բացի մի շարք ընկերությունների ու անձանց ակտիվների սառեցումից, կսահմանափակվի իրանական գազի արտահանումն ու նավաշինական ընկերությունների հետ համագործակցությունը, հաղորդում է «Ռոսբալտը»:
ԵՄ կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացումը քաղաքական գործիչները բացատրում են Իրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարվելու ցանկության բացակայությամբ: «Վերջին մի քանի ամիսներին Իրանը մատը մատին չի տվել եւ չի արձագանքել առանցքային պահանջներից ոչ մեկին եւ մենք պետք է ուժեղացնենք ճնշումը»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:
Ավելի վաղ ԵՄ կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներով արգելվում է ատոմային, հրթիռային եւ ռազմական բնույթի արտադրանքի արտահանումն Իրան, ուղղակի ներդրումները գազային, նավթային եւ նավթավերամշակման արդյունաբերությունում, նաեւ ցանկացած շփումներ Իրանի բանակի, նավատորմի, բանկերի եւ ապահովագրական ընկերությունների հետ:





























