Ներկայում մշակվում է ծրագիր՝ Հայաստանի բոլոր դպրոցներում ռոբոտաշինական խմբակներ բացելու համար: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նման խմբակներ արդեն գործում են 7 դպրոցներում:

Կ. Վարդանյանի խոսքով՝ դպրոցական ռոբոտաշինության զարգացման գաղափարը սկսում է 2008 թվականից, երբ ընդհանրապես նպատակ դրվեց զարգացնել ռոբոտաշինությունը: Հայեցակարգը հիմնված էր մրցույթների վրա; Հենց առաջին մրցույթներից հետո ծնողների մեծ մասը ցանկություն հայտնեց՝ երեխաներին ավելի մեծ չափով ընդգրկել այդ խմբակներում: Դրանցում երեխաները սկսեցին շատ արագ զարգանալ, նրանց հետ լուրջ փոփոխություններ կատարվեցին: Այսինքն՝ ռոբոտաշինությունը կարելի է նաեւ դիտարկել որպես ընդհանուր կրթական համակարգը առաջ տանելու միջոց: «Մեր նպատակն այն է, որ բոլոր դպրոցներում էլ խմբակ ձեւավորվի, յուրաքանչյուր խմբակում առնվազն 6 երեխա, այդ խմբակների շուրջ լինի ձեւավորվի միջավայր՝ լինեն մրցույթներ, ակումբներ, լաբորատորիաներ եւ այլն»,- ասաց Կ. Վարդանյանը:

Ներկայում նախագծվում է ուսումնական ռոբոտ-կոնստրուկտոր, որը նախատեսված է ավագ դպրոցների համար՝ 10-12 դասարաններ; «Ինսթիգեյթ» ընկերությունը զուգահեռ նախագծում է ավելի պարզ սարք՝ 5-9 դասարանների համար: Ըստ Կ. Վարդանյանի՝ նախնական պայմանավորվածություն կա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ, որպեսզի վերջինս գնի մոտ 600 նման սարք: Բայց դա կորոշակիանա հաջորդ տարի, երբ նախագծումը կավարտվի: