Ռուսաստանի քննչական կոմիտեն վերադարձրել է հեռուստահաղորդավարուհի եւ ընդդիմադիր Քսենյա Սոբչակի փողերը, որոնք առգրավվել էին հունիսի 11-ին՝ նրա տան խուզարկության ժամանակ: Եվրոպական եւ ամերիկյան արժույթները վերադարձրել են ոչ թե ծրարներով, այլ՝ նրա հաշվին փոխանցելով, ինչպես խոստացել էին:

Փողերի փոխանցման մասին Սոբչակին հայտնել է նրա հաշվապահը՝ SMS հաղորդագրության միջոցով: Սոբչակը չի կարողացել զսպել իր զգացմունքները եւ այդ մասին գրել է twitter-ի իր միկրոբլոգում, գրելով. «Աաաաա, իմ հաշվապահից ես այս հաղորդագրությունը սպասում էի ամիսներ շարունակ: Ուռաաա»,-իր բլոգում գրել է Սոբչակը:

Նրա ֆինանսիստի տեղեկատվության համաձայն, Սոբչակի հաշվին է նստել 1 մլն 108 հազար 408 եվրո եւ 522 354,5 դոլար: Ուժային կառույցները 1,5 հազար ռուբլին չեն վերադարձրել, որպես 5 տուգանքի գումար, հաղորդում է RBK-ն:

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեի՝ Սոբչակից առգրավված գումարները վերադարձնելու մտադրության մասին հայտարարվել էր դեռեւս սեպտեմբերի 27-ին: Այդ ժամանակ հեռուստահաղորդավարուհին իր միկրոբլոգում գրել էր, որ իր կարծիքով, տվյալ դեպքում քննիչների համար կարեւորը ծրահրներն էին, իսկ գումարն ընդամենը շեղոց մանեւր էր:

Սոբչակը հայտարարել էր, որ ինքն իշխանությունների կողմից սարքած սեւ PR-ի զոհ է: Նա խոստացել էր, որ կհրապարակի իր հարկային հայտարարագիրը, երբ կվերադարձնեն իր փողերը եւ կփակվի գործը: Նրա խոսքով, իրեն հուզում են ոչ այնքան ֆինանսական խնդիրները, որքան իր վնասված վարկանիշը: «Ես պնդելու եմ, որ նույնքան հրապարակային հայտարարեն, որ հարկային պահանջներ չկան եւ դրանք արդար փողեր են, որքան հրապարակային առգրավում էին ծրարները»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Սոբչակից առգրավել էին դրամական միջոցներ՝ նպատակ ունենալով պարզել դրանց պատկանելիությունը: Ավելի ուշ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Սոբչակի վրայից հանվել են բոլոր կասկածները: Քննությունը Սոբչակի կողմից հարկերից խուսափելու փաստ չէր հայտնաբերել: