Փխենյանի գլխավոր հրապարակը զրկվել է Կարլ Մարքսի եւ Վլադիմիր Լենինի հսկայական նկարներից, որոնք տասնամյակներ շարունակ Կիմ Իր Սենի նկարի կողքին զարդարում էին հրապարակը: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի լավագույն ավանդույթների համաձայն՝ հանկարծակի եւ առանց որեւէ բացատրության:
Նկարների անհետացման մասին առաջինը հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ ներկայացնելով հրապարակի՝ իր ձեռքի տակ եղած լուսանկարները, իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան նորությունը տարածվել է նաեւ եվրոպական եւ ամերիկյան լրատվամիջոցներով:
Ականատեսների խոսքով, Մարքսն ու Լենինը շուրջ կես դար իրենց զգոն հայացքով հետեւել են հյուսիսկորեացիներին եւ իրենց տեղն են ունեցել նաեւ ԿԺԴՀ արտաքին առեւտրի նախարարության շենքում նույնիսկ այն բանից հետո, երբ 1980-ական թվականներին Կորեայի աշխատավորական կուսակցությունը մարքսիզմ-լենինիզմի մասին հիշատակումները փոխարինեց Կիմ Իր Սենի եւ նրա գաղափարների հիշատակումներով:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, նկարների անհետացումը սոցիալիստները համարում են երկրում փոփոխությունների եւս մեկ նշան՝ Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո: Վերջերս ԿԺԴՀ-ում հանվել էր նաեւ Կիմ Իր Սենի նկարը, եւ փոխարինվել ժպտացող Կիմ Չեն Իրի նկարով:





























