Հայ ազգային կոնգրեսն առաջիկա նախագահական ընտրություններում հաջողության հույս կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե առաջադրի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ-ի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախաձեռնությունը՝ նախագահական ընտրություններում թեկնածու առաջարկել Նիկոլ Փաշինյանին, քաղաքագետը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը տարբեր թեկնածուներ ունի, «բայց ակնհայտ է, որ առաջին նախագահի հեղինակությունն անհամաչափ է այլոց վարկանիշի հետ»:

«Իրական ակնկալիքներ կարելի է ունենալ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում»,-ասաց քաղաքագետը, հավելելով, որ մնացած թեկնածուները կարող են ներկայացնել ընդդիմադիր ընտրազանգվածի միայն առանձին հատվածների:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարին: