ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը նախագահական ընտրություններին ՀԱԿ-ում չեն քննարկելու եւ չի կարող քննարկվել, որովհետեւ իրենք ունեն անվիճելի թեկնածու, որը բացարձակ հեղինակություն է Հայ ազգային կոնգրեսում եւ ընդդիմադիր դաշտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ-ական պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն առաջարկին`  նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

«Անիմաստ եմ համարում, ես չեմ ուզում մեկնաբանել Ռուբեն Թորոսյանի ասածները, որը իմ համար տրամաբանական չէ»,- ասաց նա:

Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չհամաձայնի առաջադրվել հարցին` Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրություններով չարժե խոսել: «Որոշումը երբ կկայացվի, այդ ժամանակ էլ կմտածենք, հիմա անիմաստ է նման հարցեր քննարկելը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն առաջարկումէ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

«Մեր  երկրում օրինական ընտրության անցկացման հույս կարող է արթնացնել ՀՀ Նախագահի այնպիսի թեկնածուի առաջադրումը, որը ոչ միայն կարող է, այլեւ բարոյական իրավունք ունի լինել ՀՀ Նախագահ:

Այդպիսին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին եւ ՀԱԿ քաղխորհրդին ներկայացնում ենք նրա թեկնածությունը, ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու համար:

Միաժամանակ, կոչ ենք անում առաջին նախագահին ըմբռնումով մոտենալ Փաշինյանի թեկնածությանը եւ հնարավորինս աջակցել նրա առաջադրմանը»,- ասվում է հայտարարության մեջ: