Վրաստանում «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար է դարձել երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Նրա թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել է կուսակցության հոկտեմբերի 15-ին կայացած համագումարում՝ ձայների մեծամասնությամբ: Այդ պաշտոնում նա փոխարինել է Միխայիլ Մաչավարիանիին: մերաբիշվիլիի թեկնածությունը ներկայացրել է կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Իմ գլխավոր պլանը նոր, ժամանակակից կուսակցություն ստեղծելն է, ճիշտ այնպես, ինչպես 2003 թվականին «Միասնական ազգային շարժումը» ստեղծեց նոր պետություն»,- բրիֆինգում հայտարարել է Մերաբիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժումը, որի առաջնորդը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է: Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը եւ հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Հոկտեմբերի 10-ին երկրի նախագահը բավարարել է կառավարության հրաժարականի դիմումը: Ներկայումս «Վրացական երազանքը» կառավարության նոր կազմ է ձեւավորում, որը պետք է հաստատվի նոր խորհրդարանի առաջին նիստում: