Ռուսաստանի Ռյազանի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու մարդ է մահացել, եւս մեկը՝ վիրավորվել է: Ավտովթարի մեղավորը, հասկանալով, որ այլոց մահվան պատճառ է դարձել, հենց դեպքի վայրում ինքնասպան է եղել:

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ Սիտնիկովսկայա փողոցում: Ճանապարհային ոստիկանության տվյալներով, Audi մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդը, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել էլեկտրասյանը: Հարվածի արդյունքում մեքենան բառացի մասերի է բաժանվել:

Մեքենայի սրահում բացի վարորդից եղել են երիտասարդներ՝ երկու տղա եւ երկու աղջիկ: Ծանր վնասվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց: 24-ամյա երիտասարդը տեղում զոհվել է, մյուս տղան մահացել է արդեն հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիին», ավտոմեքենայի վարորդը վթարից հետո ինքնասպանություն է գործել՝ գազային ատրճանակից կրակելով իր գլխին: