Հայաստանի իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, պայքարում են երեւույթների դեմ, ոչ թե՝ անձերի կամ կուսակցությունների, հետեւաբար` քաղաքական հետապնդումների մասին խոսելն անհեթեթություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով`  բոլոր այն խոսակցությունները, թե իբր ՀՀԿ-ն հետապնդման գործընթաց է սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ, աբսուրդ են, նման բան չի կարող լինել, որեւէ հետապնդման մասին խոսք լինել չի կարող: «Քուշկյանի եւ Վարդանյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին խոսակցությունները կատարյալ անհեթեթություն են, նախեւառաջ նրա համար, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ երկրորդ` մենք պայքարում ենք երեւույթների, այլ ոչ թե՝ անձանց կամ կուսակցությունների դեմ: Եթե ուշադիր լինենք, նույն կոռուպցիոն սկանդալները, քրեական գործերը կան նաեւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀԿ-ականների նկատմամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մոտ Կառավարության անդամների հետ խորհրդակցությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Առողջապահության, Քաղաքաշինության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, խոսել այդ ոլորտներում հայտնաբերված խախտումների մասին, տվել հանձնարարականներ: Ի դեպ, այդ ոլորտները ղեկավարում էին ԲՀԿ-ականներ, որոնք, այդ կուսակցության` կոալիցիա չմտնելուց հետո, հրաժարական տվեցին:

Նշենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա: