Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Սիրիայի օդանավակայանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց, որ ինքնաթիռը այժմ օդանավակայանում է, բայց երեկոյան օդանավակայան տանող ճանապարհը հարմարություններ չունի, այնտեղ հնարավոր չէ գնալ ուշ ժամերին: ժիրայր Ռեիսյանը նշել, որ ստացած օժանդակությունը օդանավակայանի պատկան մարմինների հսկողության ներքո է եւ առավոտյան «Շտապօգնության» խումբը կգնա եւ կբերի, կբաշխի այն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում: Դեռեւս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին, որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում եւ իրականացվի բեռի վերազննում: Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը եւ ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը:





























