Վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքի (Հանրային հեռարձակողի երրորդ ալիքը) լրատվական ծառայության աշխատակիցներն ուղիղ եթերում սկանդալ են սկսել Հանրային հեռարձակողի ղեկավարության դեմ:
Նորությունների գլխավոր թողարկումը եթեր է դուրս եկել 15 րոպե ուշացումով՝ ժամը 22:15-ին: Այն տեւել է 10 րոպե, որի ընթացքում էկրանին հայտնվել է թողարկման գլխավոր կարգախոսը. «Լռում ենք ի նշան բողոքի»:
Վարողներ Վլադիմիր Հունանյանցն ու Մարթա Արդաշելիան կարճ ներկայացրել են «սյուժեն», որից հետո կարդրում երեւացել է թղթակիցը, ով պարզապես լռել է: Եթերում տրվել են մի քանի հարցեր. Ինչո՞ւ են ուշացրել աշխատակիցների սեպտեմբերի աշխատավարձը, ինչու են ուզում փակել հեռուստաալիքը, ինչու է մինչեւ տարեվերջ սահմանված բյուջեն արդեն ծախսվել: Բողոքի թողարկման ընթացքում հայտնվել են լուրերի երեկոյան թողարկման բոլոր վարողներն ու թղթակիցների մեծ մասը: Հաշվի առնելով, որ բոլոր լուռ «սյուժեները» նկարահանվել են ցերեկը, կարելի է եզրակացնել, որ նման թողարկումը գործընկերների վերջին հուսահատ քայլն է եղել, ովքեր ողջ օրվա ընթացքում բանակցել են Հանրային հեռարձակողի ղեկավարության հետ, ինչն, ըստ ամենայնի, արդյունք չի տվել:
«ՊԻԿ» հեռուստաալիքում խնդիրները ծագել են դեռ ուրբաթ օրը, երբ ընդհատվել է հեռարձակումը եվրոպական Hotbird արբանյակով: Ըստ լուրերի, նման հրահանգ տվել է Հանրային հեռարձակողը, սակայն այսօր՝ շամը 19:30-ին հեռարձակումն այդ արբանյակով անսպասելիորեն վերականգնվել է:
Նշենք, որ ՊԻԿ հեռուստաալիքը ստեղծվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական նախաձեռնությամբ:





























