Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, ցրվում է: Խորհրդարանականները քվեարկել են  2013 թվականի հունվարի 22-ին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Համապատասխան առաջարկ է կատարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Քնեսեթը ցրելու եւ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրենքը խորհրդարանականներն ընդունել են 120 ձայներից 100-ով: Նախքան ընտրությունները խորհրդարանական գործունեությունը տեղի կունենա բացառապես հանձնաժողովներում, հայտնում է  «Կուրսորը»:

Ինչպես հաղորդում է  «Ռոսբալտը», աջ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Նեթայնահուն կոալիցիայի իր գործընկերներին մեղադրել է ազգային շահերը վեր չդասելու մեջ: Նեթանյահուն բյուջետային խնայողության խիստ միջոցների կողմնակից է: Քնեսեթի նոր կազմը, հետեւաբար նաեւ կառավարությունը, կարող են ազդել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություն սկսելու Իսրայելի ծրագրերի վրա: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, երկրում արտահերթ ընտրությունների անցկացման մասին Նեթանյահուն հայտարարել էր հոկտեմբերի 9-ին:

Սկզբնապես Քնեսեթի ընտրությունները նախատեսված էին 2013 թվականի հոկտեմբերին: Իսրայելցի փորձագետներն ասում են, որ  Բ. Նեթանյահուն փոխել է  ընտրությունների ամսաթիվը, որպեսզի ընդդիմությանը թույլ չտա քաղաքական  միավորներ հավաքել: Տվյալ պահին  հարցումները հաղթանակը տալիս են աջ «Լիկուդ» կուսակցությանը, որի առաջնորդն է վարչապետը: Ամռանը Նեթանյահուն զրկվել էր իր քաղաքական գլխավոր համախոհներից մեկից` կոալիցիայից դուրս էր եկել  կենտրոնամետ «Քադիմա» կուսակցությունը: Այժմ «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է կազմում` Քնեսեթում 120 տեղերից նա ունի 66-ը: