2012թ. ութ ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բոլոր կատարողական վարույթներով բռնագանձվել է մոտ 9,5 միլիարդ դրամ, որից հօգուտ բանկերի՝ մոտ 2.45 միլիարդ դրամ: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Աշոտ Տեր-Գրիգորյանը: Նշենք, որ 2011 թ. ընդհանուր առմամբ ԴԱՀԿ-ի բռնագանձումները կազմել էին 14.3 մլրդ դրամ, որից 6.1 մլրդ դրամը՝ հօգուտ առեւտրային բանկերի:
Բանկերի օգտին 2012 թ. 8 ամսում հարուցվել է 7000 կատարողական վարույթ, 2011 թ.՝ 12.5 հազ.:
Ա. Տեր-Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2012թ. ութ ամիսների ընթացքում ամենաշատ բռնագանձումներ կատարվել են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի», «Յունիբանկի» եւ «Արդշինինվեստբանկի» օգտին:
Բանկերում գրավադրված գույքը, վարկը չվերադարձնելու դեպքում, գնահատվում եւ իրացվում է ընդհանուր կարգով: Անշարժ գույքը գնահատում է անկախ փորձագետը:, որից հետո այն ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի եւ իրացվում է հրապարակային սակարկություններով: Առաջին աճուրդի մեկնարկային գինը կազմում է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսը: Հարկադիր էլեկտրոնային յուրաքանչյուր աճուրդ տեւում է 10 օր, եւ այդ ժամկետում գույքը չվաճառվելու դեպքում էլեկտրոնային համակարգի կողմից անցկացվում է կրկնակի աճուրդ, եւ մեկնարկային գինը նվազեցվում է 10 տոկոսով:




























