Հայաստանում երեխաների ընդհանուր թվի 1%-ը` 8000 հոգի, հաշմանդամ է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում հաշմանդամ երեխաների հիմնախնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (UNICEF) Հենրիետա Արենսը:

Նրա խոսքով` 2011թ. հաշմանդամ երեխաների 5707 ընտանիքներում UNICEF-ի կատարած հետազոտությությունը պարզել էր, որ խնդիրներ ունեցող 5322 երեխաներ ծնողների հետ են ապրում, 385-ը` մանկատներում:

Չնայած որ այդ երեխաները ծնողների հետ են բնակվում, նրանց միայն 70%-ն է դպրոցում սովորում. մտավոր հետամնաց եւ լսողության խնդիրներ ունեցող երեխաների  հաճախելիությունը կազմում է համապատասխանաբար 48 եւ 56 տոկոս: «Հենաշարժական եւ մտավոր խնդիրներով յուրաքանչյուր չորս երեխաներից մեկը դպրոց չի հաճախում: Ավելին, մասնագիտացված հաստատություններում գտվող երեխաների 72% -ը դպրոց չի հաճախում», - նշել է Արենսը:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով`մասնագիտացված հաստատություններում` մանկատներում հայտնվելու ռիսկը մեծ է հաշմանդամ երեխաների պարագայում: Հետազոտության 6000 մասնակիցների 13 տոկոսը գտնվում են մասնագիտացված հաստատություններում, իսկ նրանց 26%-ը երբեք հաստատությունից դուրս չի եկել:  «Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնագիտացված հաստատություններում հայտնվելու ռիսկը ավելի շատ մեծ է աղջիկների շրջանում, քան տղաների:

Բացի այդ, հարցումներին մասնակցող երեխաների 12%-ն ընկերներ չունեն, իսկ 33%-ը երբեք չեն մասնակցել իրենց համայնքներում անցկացվող միջոցառումներին», - նշել է նախարարը: