Թուրքական կողմը շարունակում է սադրիչ հայտարարություններ անել Սիրիա հումանիտար բեռ տեղափոխող հայկական օդանավի՝ Էրզրումում պլանային վայրէջքի հետ կապված: Այսպես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 15-ի երեկոյան լրագրողներին հայտնել է, որ հայկական օդանավին, իբր, ստիպել են վայրէջք կատարել թույլ տված խախտումների համար:
«Վայէջքը տեղի է ունեցել մի շարք խախտումների պատճառով, սակայն զննումից հետո օդանավը շարունակել է թռիչքը, քանի որ հետեւանքներով հղի ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,-ասել է Էրդողանն Անկարայի օդանավակայանում, Ադրբեջան թռիչքից առաջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանից Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում: Դեռեւս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին, որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում եւ իրականացվի բեռի վերազննում: Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը եւ ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը:
Այդուհանդերձ, թուրքական կողմը փորձել է շոու սարքել, լրատվամիջոցների միջոցով հայտնելով, որ իրենք են ստիպել օդանավին վայրէջք կատարել: Փաստը, որ վայրէջքը եղել է տեխնիկական եւ ոչ ստիպողական, հայտնել է նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ պլանային զննումից հետո, հայկական օդանավը շարունակել է իր թռիչքը եւ բարեհաջող վայրէջք կատարել Հալեպի օդանավակայանում, այնտեղ հասցնելով 15 տոննա հումանիտար բեռը՝ սիրիահայերի համար:





























