Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը համարում է առանցքային հարց:Այս մասին այսօր` հոկտեմբերի 16 հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրեց, որ այն ինչ կատարվեց Հայաստանում ԱԺ ընտրությունների ժամանակ դա ընտրություն չէր, այլ շուլերախաղ եւ պետականորեն կազմակերպված զանգվածային ընտրակեղծում:

«Մենք չենք գտնվում կլասիկ ընտրությունների անցկացնելու փուլում: Մենք չունենք թեկնածու, որի հետ պետք է մրցակցենք, այլ մրցակցում ենք  ընտրակեղծարար մեքենայի հետ: Ընտրական գործընթացը նմանվել է շուլերների հետ պոկեր խաղալու գործընթացին:Եվ բնական է, որ մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է բռնենք նրանց ձեռքը: Ժողովրդի զգալի մասը հուսահատված է ապօրինություններից, կեղծված ընտրություններից ինչը իշխանությունը փորձում է օգտագործել իր օգտին: Իսկ արտագաղթը նոր թափ է ստանում: Այս պայմաններում կարեւորում են ընտրական ամբողջ համակարգի ամբողջական վերափոխումը, որը իր հերթին կվերափոխի ժողովրդի հավատը ընտրությունների նկատամբ»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունները չեն ընդունում այս փաթեթը դա նշանակում է, որ նրանք պատրաստ չեն արդար ընտրությունների եւ երկիրը թուլացնելու հաշվին փորձելու են վերարտադրվել:

Լեւոն Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ ընտրական օրենսդրության մեջ փոփխություններ կատարելու նպատակով ՀԱԿ պատգամավորական խմբակցության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացված  օրենսդրական փաթեթը նպատակ ունի վերացնել ԱԺ ձեւավորման մեծամասնական ընտրակարգը եւ ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը, տարանջատել բնակչության եւ ընտրողների ռեգիստրները: «Հայաստանից վեց ամսվանից ավել ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիները լիազոր մարմնի նախաձեռնությամբ անմիջապես հանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հաշվառումից, ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները: Նշված քաղաքացիների վերադառնալուց քառասուն օր հետո, ավտոմատ կերպով վերականգնվում է ՀՀ-ում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալները: Նշված փոփոխությունով հնարավոր է դառնում հստակ տարանջատել ՀՀ բնակչության եւ ընտրողների ռեգիստրները»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: