Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո դի Պաոլան հոկտեմբերի 16-18-ը կայցելի Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից:

Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելի Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ինստիտուտ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Ջամպաոլո դի Պաոլան Իտալիայի պաշտպանության նախարարն է 2001-ի նոյեմբերից, արժանացել է բազմաթիվ շքանշանների, պարգեւատրվել է ՄԱԿ-ի մեդալով՝ Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար: